Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Արև և անկախություն

Արև և անկախություն
08.07.2017 | 09:25

Չե՞ք ուզում ԱՄՆ դեսպանի առաջարկած ութ միլիարդը, մի ուզեք: Բրյուսելը մրցակցային պայմաններ, ինքնիշխանություն ու մահ կոռուպցիային չի պահանջի, ձեզ նվեր կտա: Արևը: Ձեր արևը, իսկ արևի դեմ գնալ չի կարող նույնիսկ Մոսկվան: ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շարունակում է զարմացնել՝ ԵՄ նախաձեռնությամբ Երևանում բացվեց առաջին արևային կանգառը: Ի՞նչ է դա նշանակում: Պատկերացրեք կանգառ, որտեղ դրված է արևի էներգիայով սնուցվող մարտկոց, և կանգառում դուք կարող եք լիցքավորել ձեր հեռախոսը, նոթբուքը: Հատկապես հնարամիտ հայերին զգուշացնեմ՝ լվացք, արդուկ անել չփորձեք: Ոչ ցերեկը, ոչ գիշերը:


Առաջին հայացքից՝ ավելորդ շքեղություն է: Քանի՞ ժամ է մարդն անցկացնում կանգառում, որ լիցքավորի լիցքաթափված փոքր տեխնիկան: Ո՞րն է այս ակցիայի օգտակար գործողության գործակիցը: Շատ ցածր բոլոր նրանց համար, ովքեր հենց այդ կանգառում չեն հայտնվել և շատ բարձր նրանց համար, ովքեր հայտնվել են այդ կանգառում՝ լիցքաթափված հեռախոսով, բայց սպասում են վճռորոշ զանգի: Չմտնենք մարդկանց անձնական կյանքի մանրամասների մեջ, առավել ևս, որ խնդիրը բնավ էլ կիրառական նշանակությունը չէ, այլ՝ քաղաքական: «Բոլոր հայերը ցանկանում են էժան էներգիա ու ավելի շատ անկախություն, մենք կարծում ենք, որ ժամանակի հետ հնարավոր կդառնան թե մեկը և թե մյուսը»՝ ասել է Պյոտր Սվիտալսկին: Եվ բացատրել է՝ արևը, մարդկային պոտենցիալն ու ցանկությունը՝ Հայաստանից, ներդրումները՝ համաշխարհային հանրությունից:


ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հայտարարել էին Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում ներդրումների պատրաստակամության մասին: Հայաստանի կառավարությունը դեռ չի պատասխանել այդ առաջարկներին, ուստի ԵՄ առաքելության ղեկավարը Հայաստանում ստիպված է հիշեցնել ներդրումների գլխավոր նպատակը՝ էժան էներգիա և ինքնիշխանություն Հայաստանին: Փաստացի՝ սա խիստ թափանցիկ ակնարկ է իշխանությանը՝ ուզում եք- չեք ուզում, ունենալու եք: Փաստացի՝ Բրյուսելը ավելի լուրջ է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը, քան՝ Հայաստանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պյոտր Սվիտալսկին միայն Երևանի կանգառները չի երջանկացնում. նա հուլիսի 7-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, հետը տանելով Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին: Պաշտոնական առիթը՝ նրանց է ներկայացրել կառավարության 2017-2022-ի ծրագիրը: Փաստացի՝ Կարեն Կարապետյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է, թե ինչ վարչապետ կլինի ինքը, եթե լինի: Պյոտր Սվիտալսկին ասել է, որ կառավարության ծրագիրը հավակնոտ է, տպավորիչ, վերահաստատելով Հայաստանի հետ համատեղ աշխատելու պատրաստակամությունը: Բոլորովին պատահական չէ, որ հենց նույն օրը Գալուստ Գրիգորիչը, որ իր խոսքով, երբեք չի սխալվում ավետեց, թե գուժեց՝ «Ես ասում եմ հետևյալը՝ այսօր քաղաքական դաշտում, որն ունի քաղաքան մեծ թիմ և որը մասնակցել է նոր անկախ Հայաստանի ամբողջական պատմությանը, մեկ անձ է մնացել՝ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ երկրի ղեկավարումը պիտի գնա Սերժ Սարգսյանին»: Եվ մեծավարի ու մարգարեաբար կրկնել է. «Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը»:
Արևն ունենք, մնաց՝ անկախություն:

Դիտվել է՝ 4467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ